Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արսեն Դիմաքյան | |
— Ուրեմն, դու հերքո՞ւմ ես կրթության նշանակությունը, — հարցրեց Բարաթյանը, ժպտալով, — դու չե՞ս ընդունում ղեկավարի կամ առաջնորդող մարդու ազդեցությունը:
— Ազդեցություն և ոչ բռնություն: Ի՞նչ ես կարծում, պատանիների համար ո՞րն է ազդու սպառնալի՞քը, թե կենդանի օրինակը: Եթե դուք կրոնի անունով աշակերտին ստիպում եք եկեղեցի գնալ, ի՞նչ կմտածի նա, տեսնելով, որ դուք ինքներդ եկեղեցի չեք հաճախում, փախչում եք նրանից, ինչպես մի ավելորդ բեռնից: Վերջապես, ի՞նչ կարիք կա երկար վիճելու, իմ պատասխանը մեկ է, ես համաձայն չեմ, որ հոգաբարձությունը խառնվի դպրոցի ուսումնական — բարոյական մասի մեջ: Նա իրավունք էլ չունի:
Դիմաքսյանը քանի գնում, այնքան ավելի գրգռվում էր և ձայնը բարձրացնում: Բարաթյանը խոսում էր սառը, անվրդով: Հենց այդ էր, որ ավելի բորբոքում էր նրա հակառակորդին:
Մի բան շատ պարզ էր Դիմաքսյանի համար — ընկերոջ բուն նպատակը: Ուստի նա որոշ և դրական եղանակով ասաց.
— Ես չեմ ընդունում ձեր որոշումը:
— Այո՞:
— Այո :
Եվ դուրս եկավ սենյակից վրդովված, «Ահա ինչ ծայրից են սկսում, — ասում էր նա մտքում, — քիչ էր մնում ինձ էլ անաստված հրապարակեն»:
Նա համոզված էր, որ յուր բոլոր պաշտոնակիցները նույնպես կվրդովվեն հոգաբարձության դեմ: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ նրա զայրացումը հանդիպեց ընդհանուր լռության:
Բորոր ուսուցիչները նայեցին միմյանց երեսին: Կարծես, ամեն մեկը սպասում էր, որ մյուսը խոսի: Այդ լռության մեջ Դիմաքսյանի համար կար վիրավորական, միևնույն ժամանակ, ատելի մի բան: Դա այն ընդհանուր երկյուղն ու տատանումն էր, որ երևում էր ամենքի, նույնիսկ յուր կողմնակիցների, դեմքերի վրա: Նա ասաց, թե թերթակալ հոգաբարձվին հայտնել է, որ հոգաբարձությունը իրավունք չունի խառնվել դպրոցի ուսումնական-բարոյական գործերի մեջ: Նա հույս հայտնեց, որ ամենքը համաձայն են այս մտքի հետ և հարկավոր եղած ժամանակ նրան ձայնակից կլինեն:
Համր լռությունը Դիմաքսյանի միակ պատասխանը եղավ:
— Ինչո՞ւ եք լռում, — գոչեց նա:
— Սկզբունքով համաձայն ենք, — խոսեց, վերջապես, նրա կողմնակիցներից մեկր, — Բայց եթե...
— Եթե՞:
— Եթե հոգաբարձությունը կամենա խառնվել, մենք ի՞նչ կարող ենք անել: Նա իշխանություն է, մենք ստորադրյալներ...
Գերմանական մանկավարժ Ինյաթյանը քնթի տակ ծիծաղեց, ծաղրաբար և անհոգ քայլերով դուրս եկավ: Մյուսները ոչինչ չասացին:
Խնդիրը շատ պարզ էր Դիմաքսյանի համար: Մի վայրկյան նա կարողացավ իրան զսպել և հեգնաբար ասաց.
— Ձեր ասածը ճիշտ է. նրանք իշխանավորներ են, մենք ստորադրյալներ, այսինքն անբան ստրուկներ: Ուրիշ ոչինչ, պարոններ, գնացեք, զանգակը դասի է հրավիրում:
VIII
Նա մնաց միայնակ ուսուցչական սենյակում, միայնակ յուր բոլոր սկզբունքների և համոզմունքների հետ: Կրկին զգաց, որքան դժվար է մարդկանց հավատ ընծայելը: Ուրեմն քչ ոք ձայն չբարձրացրեց անարդար ոտնձգության դեմ, ոչ ոք չպաշտպանեց և չպիտի պաշտպանի նրան: Կնշանակե՝ նրա կողմնակիցները հասկացել են հակառակ կուսակցության ուժը:
«Վախ, վա՛խ, միշտ մի կտոր հացի համար վախ, ահա այն հրեշը, որ ջլատում է մարդկանց բարոյական ուժը»:
Նա ձեռը ուժգին զարկեց սեղանին, ոտքի կանգնեց: Երբ հետ նայեց, տեսավ մենակ չէ: Սենյակի ծայրում կանգնած էր Ինյաթյանը և, ձեռները մեջքին դրած, անհոգ կերպով նայում էր պատին:
— Մեծ մարդ է եղել հանգուցյալը, — ասաց նա, ցույց տալով Ներսես Աշաարակցու պատկերը:
— Այո , մեծ մարդ է եղել, պարոն Ինյաթյան:
— Ասում են, երբեք չէր հուսահատվում խոչընդոտների հանդիպելիս: Հենց այդ բանն է մարդկանց մեծացնում: Հուսահատությունը թուլասիրտներին է միայն հատուկ: Հա, ի՞նչ էի ուզում ասել, այս երեկո երևի, ուսուցչական ժողովը չի կայանալ:
— Ինչո՞ւ:
— Որովհետև բոլոր ավագ ուսուցիչները հրավիրված են հոգաբարձու պարոն Վեքիլյանի մոտ:
— Հրավիրվա՞ծ:
— Միթե դուք չգիտեի՞ք, ձեզ չի՞ հրավիրել: Զարմանալի է: Խնջույքի նման մի բան է սարքել: Ասում են նպատակ ունե պարոն Վեքիլյանը, այսինքն ուզում է ուսուցիչների հետ բարոյական կապ հաստատվել: Ուրեմն ժողովը կհևտաձգեք, չէ՞:
— Եթե Վեքիլյանի խնջույքը ավելի հետաքրքրական է ձեզ համար, ժողովը պետք է հետաձգել:
Ինյաթյանը, քթի տակ երգելով, դուրս գնաց: Այդ օրը Դիմաքսյանը ախորժակ անգամ չունեցավ ճաշելու, — այնքան վրդովված էր: Սիրականն այնպես սովորել էր նրա բնավորությանը, որ իսկույն հասկացավ, թե նա վատ է տրամադրված: Նա հոգում էր Դիմաքսյանի մասին ինչպես սիրող, զգայուն եղբայր: Նա պատրաստ էր ամեն րոպե մահու և կյանքի կռվի մեջ մտնել նրա համար, եթե միայն այդ հարկավոր լիներ: Եվ Դիմաքսյանը լիովին հավատում էր նրա անկեղծ հավատարմությանը: Ուրախալի էր նրա համար անկիրթ ժողովրդի այդ հարազատ զավակի մեջ տեսնել այդքան սեր:
Իրիկնադեմին նա գնաց Մսերյանի մոտ, ուր միշտ գնում էր, երբ հուզված էր լինում:
Իդեալիստը այս անգամ՝ անսովոր աշխույժ ստացած անցուդարձ էր անում սենյակում, ինքն յուր հետ ձեռներով խոսելով: Բանն այն է, որ նա այդ օրը պաշտոն է ստացել մի արքունական հիմնարկության մեջ և վաղվանից պետք է սկսեր ծառայել: Նույն րոպեին նա մտքում հաշվում էր — արդյոք պաշտոնը նրա ամբո՞ղջ ժամանակը պետք է խլե, թե կարդալու համար ազատ ժամեր կթողնի:
Դիմաքսյանը շնորհավորեց նրան:
— Բայց դու ինչո՞ւ տխուր ես, — գոչեց Մսերյանը, — էլի ո՞վ է էշիդ կաղ ասել:
Դիմաքսյանը պատմեց օրվա եղելությունը: Մսերյանը, ինչ ասել կուզե, վրդովվեց: Ի՞նչպես, Բարաթյանը կրոնի և եկեղեցու պաշտպան է դարձել: Ուրեմն նա ուզում է ծախել այն, ինչ որ չունե: — Դա բարոյական գողություն է:
— Եվ նա խոսում էր համոզվա՞ծ, ինչպես ճշմարիտ քրիստոնյա :
Դիմաքսյանը հեգնաբար ժպտաց: Մի թե կարող է համոզմունք լինել մի բան, որ մարդու հոգուց չի բխում: Դա մի վտանգավոր զենք է նրա դեմ, ուրիշ ոչինչ: Օ՛օ, Բարաթյանը խելոք է, շատ լավ է ճանաչում հասարակության թույլ երակը: Նա ուզում է Դիմաքսյանի վարկը կոտրել, նրա հեղինակությունը ոտնատակ անել, ահա նրա նպատակը:
— Ներողությո՛ւն, — ընդհատեց Մսերյանը ընկերոջ խոսքը, — նա ի՞նչպես կարող է քո հեղինակությունը ոտնատակ անել:
— Հրատարակելով ինձ անկրոն: Դա, իհարկե, նրան կհաջողվի, մարդկանց փոփոխամտության շնորհիվ: Երևակայիր, ամբողջ մեր ուսուցչական խմբի մեջ այսօր մեկը չգտնվեց, որ ինձ հետ բողոքեր: Ես մնացի մենակ, հասկանո՞ւմ ես, մենակ:
Եվ նա ավելացրեց, որ այսուհետև ամենքը իրանից պիտի երես դարձնեն: Նա հաղորդեց Վեքիլյանի հացկերույթի մասին: Նա հասկանում է, ինչ ասել է բարոյական կապ, Վեքիլյանը կամենում է նրա դեմ զինել ուսուցիչներին:
Մսերյանը գլուխը շարժեց:
— Ինչո՞ւ ես ժպտում, միթե դու իմ տեղը լինեիր, չէի՞ր հուսահատվի:
— Ե՞ս, ո՜չ:
— Ո՞չ:
— Չէի հուսահատվի: Նախ և առաջ ես քո տեղը երբեք չեմ կարող լինել: Ով ինձ նման քամի կուլ տվողին սեմինարիայի ինսպեկտորի պաշտոն կտար: Երկրորդ, եթե ես քո տեղը լինեի, իսկույն գդակս կվերցնեի, կասեի մնաք բարով, հորս ցավը ձեզ էլ ու ձեր դպրոցին էլ:
— Այդ կնշանակե չհուսահատվե՞լ: Բայց ես գոնե այդպես չեմ անում, ես միայն վրդովվում եմ:
— Դու այդ էլ չպիտի անես:
Դիմաքսյանը զարմացած նայեց ընկերոջ երեսին: Նա բոլորովին ոչինչ չէր հասկանում նրա հակասական խոսքերից: Մի րոպեաչափ նրանք լուռ էին:
Մսերյանը, նայելով յուր ծխախոտի ծայրին, ինքն յուր հետ խորհրդածության մեջ էր: Պարզ էր, որ նա մի բան ուզում էր ասել, բայց չգիտեր, ո՞ կողմից սկսեր
Վերջապես, նա ձեռքը խփելով Դիմաքսյանի ծնկին, ասաց.
— Գիտե՞ս ինչ, Արսեն, ես քանի անգամ ասել եմ, որ դու ինձ երբեք օրինակ չվերցնես քեզ համար: Դու ուրիշ մարդ ես, իսկ ես ուրիշ: Մենք հակատիպարներ ենք:
Ճիշտ է, նա գդակ կվերցներ ու դպրոցից դուրս կգար, բայց երբեք չէր կամենալ, որ յուր ընկերն էլ այդպես անի: Չէր կամենալ, մինչև անգամ, որ նա հուսահատվի մազաչափ: Վաղուց, շատ վաղուց նրա գլխում կազմվել էր հասարակական գործիչի լիակատար իդեալը: Ով գիտե, որքան նա բախտավոր մարդ կհամարեր իրան, եթե կարողանար տասներորդի չափ լինել այն, ինչ որ նրա կարծիքով պետք է լինի հասարակական գործիչը: Բայց նա զգում էր, որ չի կարող և հենց ավելի ցավալին էր այդ, որ զգում էր:
— Իսկ դու կարող ես լինել, — շարունակեց նա ոգևորված, — եթե միայն աշխատես: Բայց դու, Արսեն, դեռ, ներիր, որ պարզն եմ ասում, դեռ շատ անեփ ես, անեփ, թե ինչպես ընկերական մարդ և թե ինչպես գործի մարդ: Քանի-քանի անգամ ես տեմել եմ, որ ամեն մի չնչին բան քեզ հուսահատեցնում է կամ խրախուսում, ոգևորում: Երբեք ես չեմ մոռանալ այն օրը, երբ մի ինչ-որ լրագրի հոդվածից, մի վայրիվերո գրվածքից քիչ էր մնում խելագարվեիր: Կարծես, չգիտեիր, որ այդ թուղթ մրոտողների հարյուրից իննսուն ինը չարժեն ընկույզի կճեպին: Չեմ մոռանալ և այն օրը, երբ դու ոգևորված և հիացած պատմում էիր, թե ինչպես քեզ ընդունել են քո հայրենի քաղաքում:
Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, իդեալիստը շարունակեց, ձայնի տոնը փոխելով և ավելի սառն կերպով: Նա ասաց, թե բուն հասարակական գործիչը այդպես չի լինում, նա հեռու է սնափառության վտանգավոր ախտից: Նրա համար նշանակություն չունեն ո՛չ ծափահարությունները և ո՛չ հալածանքները: Նա ոչ ոքից չի սպասում ո՛չ վարձատրություն, ո՛չ երկրպագություն: Նա յուր վարձը և խրախույսը պտրում է յուր անձնավորության մեջ և այնտեղ է գտնում: Նրա բարոյական սնունդը, նրա հոգեկան քաշության միակ աղբյուրը յուր սիրտն է, յուր ներքին աշխարհը: Այնտեղ է նա որոնում գովասանքն էլ, պարսավանքն էլ: Այնտեղ է նա զգում և ծափահարության ձայնը, և անաչառ, խիստ քննության հարվածները: Դրսի աշխարհը այս դեպքում նրա համար գոյութուն չունե:
Նա դարձյալ լռեց, նայեց ընկերոջ երեսին և ապա ավելացրեց.
— Ասա, այսպե՞ս է, թե՞ չէ, հերքի՛ր, եթե սխալվում եմ:
Բայց Դիմաքսյանը լուռ էր և ուշադիր լսում էր ընկերոջը: Նա համաձայն էր նրա ասածների հետ, նա ինքը վաղուց այդ բանը գիտեր: Բայց լսել մի ուրիշից այդպես բացարձակ, անկեղծ և խիստ կերպով — ծանր էր նրա համար, այդ ուրիշը լիներ նրա ամենամտերիմ ընկերը:
Նա վախենում էր նայել Մսերյանի երեսին, որ այդ րոպեին այնքան խիստ, երկյուղալի, բայց և հարգելի էր նրա համար: Նա զգում էր յուր դեմ նստած մի անողոք բուժիչ: Սուր դանակը ձեռին, սառնությամբ այդ բժիշկը օպերացիայի էր ենթարկում նրա հոգու ամենաթույլ, ամենահիվանդոտ մասերը: Բայց նա գիտեր, որ այդ խստությունը առաջանում է միմիայն հիվանդին բուժելու անկեղծ և ջերմ ցանկությունից: Նա դողում էր, հուզվում, բարկանում, բայց և չէր ընդդիմանում այդ անողոք վերլուծությանը:
Գունատ դեմքով, աչքերը խոնարհեցրած, շնչասպառ և դժվարությամբ արտասանեց.
— Շարունակի՛ր:
Մսերյանը ասաց, թե յուր ասելիքը վերջացնել է: Նա ավելացրեց միայն, թե յուր շրջանին, հասարակությանը, վերջապես մարդկությանը ծառայող ամեն մի փոքր թե մեծ մարդ ունե մի որոշ իդեալ: Նա մաղթեց, որ Արսենի բարձրագույն իդեալը լինի նա, որին ոչ մի իդեալ չէ կարող հասնել: Նրան չծափահարեցին, այլ հալածեցին, որովհետև օտարոտի գաղափարներ էր քարոզում: Բայց նա չէր հուսահատվում, այլ գործում էր մարդկային տգիտության դեմ: Նա ցավ չէր զգում մինչև անգամ այն ժամանակ, երբ բևեռված էր:
— Որովհետև նա յուր սրտի խորքում, գիտե՞ս, այստեղ, ուներ անսահման սփոփանքի և բերկրության աղբյուր: Դա աստվածային լույսն էր: Այո , նա է բուն մարդը, ով այդ լուսո գոնե մի նշույլն ունե յուր մեջ: Առանց նրան չկա ճշմարիտ մարդ, չկա մանավանդ ուրիշներին օգտավետ լինել կամեցող մի անհատ:
Նա վերջացրեց խոսքը և սկսեց անցուդարձ անել սենյակում: Արդեն օրը բավական մթնել էր: Նա պարզ չէր տեսնում Դիմաքսյանի դեմքը, և եթե տեսներ, պետք է այնտեղ կարդար յուր խոսքերի խոր ազդեցությունը:
— Իհարկե, դու ինձ կարող ես ֆրազյոր համարել: Բայց այդ ինձ համար միևնույնն է, միայն թող իմ կարծիքը քեզ չվիրավորի: Դու շատ լավ գիտես, որ մի ուրիշի հետ այսպես պարզ չէի խոսի: Բայց քեզ սիրում եմ և հարգում:
— Շնորհակալ եմ, մրմնջաց Դիմաքսյանը խուլ ձայնով, — շնորհակալ եմ:
Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, հառաչելով ավելացրեց.
— Այո , ես անեփ եմ, ես շատ թերություններ ունեմ:
IX
Գայանեի թախիծը քանի գնում, այնքան սաստկանում էր: Դեռ առաջին մի քանի ամիսները նորածինը գրավել էր նրա միտքը: Չար կասկածը տեղի էր տվել մայրական անդրանիկ սիրո զգացմանը: Բայց անցան այդ ամիսները, և նա դարձյալ ենթարկվեց մի անգամ արդեն յուր սրտի մեջ արմատ ձգած տանջանքին:
Շատ անգամ ամուսինների մեջ տեղի էին ունենում ընտանեկան անախորժ տեսարաններ: Մարդը, հարկավ, աշխատում էր փարատել կնոջ կասկածը, բայց իզուր: Եթե ամենքը հավատացնեին, դարձյալ Գայանեն չէր համոզվիլ, թե միմիայն ինքն է սիրելի յուր ամուսնու համար և թե Իսակը ուրիշ ոչ ոքի վրա աչք չունե: Գալով փաղաքշանքներին, այստեղ էլ Գայանեն զգում էր մի կեղծիք, մի նուրբ փարիսեցիություն: — Մի բան, որ տեսնում էր յուր ամուսնու հասարակական կյանքի մեջ էլ: Ո՞ւր է այն հոգեկան զորությունը, որ սպասում էր նա, թե մի օր պետք է երևան գա: Ո՞ւր են այն բարոյական անխախտ սկզբունքները, որ տղամարդին աստվածացնում են կինարմատի աչքում, իսկ կնոջ սիրտը լցնում հպարտ պարծանքով յուր մարդու վերաբերմամբ: Ինչո՞ւ նրա և Դիմաքսյանի մեջ ծագեցին այդ երկպառակությունները: Չէ՞ որ նրանք գաղափարակից ընկերներ էին, կնշանակե երկուսից մեկը փոխեց յուր հայացքները:
«Ո՞րը փոխեց», — հարցնում էր ինքն իրան Գայանեն, և մի ներքին ձայն նրան պատասխանում էր, թե ոչ Դիմաքսյանը:
Եվ որքան Բարաթյանը արհամարհանք ցույց տար դեպի այդ մարդը, սակայն նուրբ բնազդումով Գայանեն զգում էր, թե Դիմաքսյանն է գաղափարի մարդ, նա է որոշ և անխախտ համոզմունքների տեր: Նրան թվում էր, որ հաճախ յուր ամուսինը այդ մարդու դեմ խոսում է նախանձից դրդված:
Մի անգամ Գայանեն, չկարողանալով իրան զսպել, մի այդպիսի ակնարկություն արեց:
Բարաթյանը բարձրաձայն ծիծաղեց և երեսը հետ դարձրեց: Բայց արդեն նկատելի էր, որ նրա ծիծաղը և արհամարհանքը դեպի Դիմաքսյանը արվեստական են դառնում և կնոջ պաշտպանությունը վրդովվեցնում է նրան: Իսկ Գայանեն նայեց հետևից նրա առողջ պարանոցին և մի տեսակ ատելություն զգաց: — Մի տարօրինակ, անբացատրելի ատելություն, որ առաջին անգամն էր զգում:
Մի ուրիշ անգամ Գայանեն բացարձակ հայտնեց յուր ամուսնուն բոլոր այն հույսերը, որ դրել էր նրա վրա: Նա ուրիշ բան էր սպասում Բարաթյանից: Նա կարծում էր, թե ահա գտել է, վերջապես այն մարդուն, որ կարող է իրագործել նրա իդեալը տղամարդի մասին:
— Ես շատ բան էի պահանջում տղամարդից, ով գիտե, գուցե անիրագործելի բաներ: Բայց չէ՞ որ դու էլ այն ժամանակ գոնե բերանացի համաձայնվում էիր իմ պահանջների հետ: Կարելի է ես երեխա էի, անփորձ, միամիտ, աշխարհի վրա վարդագույն աչքերով էի նայում: Բայց այժմ ես չափավորել եմ իմ պահանջները և տեսնում եմ, որ էլի խաբված, եմ, որ ամենաչնչին հույսս անգամ չի իրագործվում: Իսակ, այժմ ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ոչինչ, բացի մի բանից, այն է, որ դու այս չար կասկածը հանես իմ սրտից...
Նրա աչքերի մեջ փայլեց ներքին հոգեկան դառնությունը: Նա մի եռանդուն ճիգ արեց և զսպեց յուր արտասուքը:
Բարաթյանը մի վայրկյան նայեց նրա երեսին և մի ինչ-որ միտք անմիջապես թելադրաց նրան փոխվեր: Նրա դեմքից չքացավ կծու հեղձության ժպիտը, տեղի տալով մեղմ և փաղաքշական արտահայտությանը: Նա հանդարտ մոտեցավ Գայանեին, բռնեց նրա ձեռը և նայելով նրա աչքերին, հարցրեց.
— Ո՞ւմ դեմ է քո կասկածը:
— Օ՛օ, մի հարցնիլ ինձանից, մի հարցնիլ, չեմ կարող ասել…
— Գայանե, դու իրավունք չունես, գիտես իրավունք չունես ինձ սրբապիղծ մարդ համարելու:
Այս խոսքերը նա մի այնպիսի եղանակով արտասանեց, որ մի վայրկյան Գայանեի սիրտը, կարծես, թեթևություն զգաց: Նա թույլ տվեց ամուսնուն իրան համբուրել: Բայց անցավ այդ վայրկյանը, երբ նա նայեց մարդու աչքերին: Այնտեղ, այն քնքուշ և մեղմ արտահայտության տակ, Գայանեն տեսավ մի ավելի կեղծ բան, որ միայն նրա համար էր նշմարելի:
Նա կամացուկ յուր ձեռը ազատեց մարդու ձեռներից և մի քայլ հետ կանգնեց:
Բարաթյանը հասկացավ այդ շարժման իմաստը և երեսը հետ դարձրեց: Նա գիտեր, որ դժվար, մինչև անգամ անհնարին է փարատել երիտասարդ կնոջ զգայուն սրտի մեջ բույն դրած կասկածը: Ուստի բարվոք համարեց խոսակցությունը չերկարացնել:
— Բայց արդեն ժամանակ է ճաշելու, սիրելիս, — ասաց նա զվարթ եղանակով, — որքան էլ բանաստեղծական լինենք, ստամոքսը յուր ուզածն է պահանջում:
Եվ շվացնելով անցավ սեղանատուն:
Նույն օրերը կանանց ընկերության օգտին ժողովարանի դահլիճում երեկույթ էր նշանակված: Գայանեն վճռել էր չգնալ, բայց ամուսինը սաստիկ թախանձեց նրան, որ համառություն չանի: Անկարելի է, վերջապես, բոլորովին երես դարձնել հասարակությունից: Ի՞նչ կմտածեն մարդիկ, միշտ նրան առանց կնոջ տեսնելով հանդեսներում: Ընտանեկան խռովություններ կարելի է ունենալ, բայց միշտ ուրիշների աչքից պետք է քողարկած պահել: Թող ամենքը համոզված լինեն, որ նրանց մեջ տիրում է փոխադարձ սեր:
Երեկույթը բաղկացած էր նվագահանդեսից և պարերից: Մի հնամաշ դերասանուհի երգում էր մի ինչ-որ դրամատիկական երգ: Գայանեն նստած էր յուր ամուսնու մոտ տխուր, լուռ և անտարբեր: Նրա դեմքի վրա չկար նախկին գրավիչ ժպիտների նշույլն անգամ: Այդ դեմքը բարկացնում էր ամուսնուն, և սա ստեպ-ստեպ շշնջում էր նրա ականջին, խնդրելով, որ գոնե ուրիշների առաջ ուրախ ձևանա:
«Ես ոչ կարող եմ կեղծել, և ոչ կամենում եմ», — պատասխանում էր Գայանեն:
Նվագահանդեսը վերջացավ: Բարաթյանները դուրս եկան դահլիճից մի փոքր անցուդարձ անելու: Հասարակության խուռն բազմության մեջ Գայանեն նկատեց Դիմաքսյանին: Մի անկյունում կանգնած նա խոսակցում էր մի ինչ-որ պարոնի հետ: Տեսնելով Գայանեին, սառն քաղաքավարությունով գլուխ տվեց և կամենում էր երեսը կրկին դարձնել յուր խոսակցին, երբ տիկինը ձեռը մեկնեց նրան:
Դիմաքսյանը շփոթված սեղմեց այդ ձեռը, հարցնելով տիկնոջ առողջությունը:
— Շնորհակալ եմ, — պատասխանեց Գայանեն, — Բայց ինչո՞ւ դուք մեզանից բոլորովին երես դարձրիք, այդ լավ բան չէ...
Այս անկեղծ հանդիմանությունը կատաղի հակառակորդի կնոջ կողմից անսպասելի էր Դիմաքսյանի համար: Մինչ նա մտածում էր ինչ պատասխանել, չկարողանալով ակնարկել փոխադարձ սառնության բուն պատճառը, Գայանեն պարզությամբ ասաց, թե ինքը ամեն ինչ գիտե:
— Ձեր կռիվը իմ ամուսնու հետ է, իսկ ես չեզոք մարդ եմ:
Նրա ձայնը այնքան մեղմ և անկեղծ էր, նրա հայացքը այնքան պարզ և բարեհամբույր էր, որ Դիմաքսյանը ակամա մոռացավ յուր ատելությունը: Այդ կապուտակ աչքերը զարթեցրին նրա մեջ անցյալի հիշատակները, և դարձյալ նրա սիրտը սկսեց բաբախել:
Բայց ինչո՞ւ հուզվել: Չէ՞ որ Գայանեն այժմ ուրիշին է պատկանում և այն էլ նրա հակառակորդին: Պետք է հաստատամիտ լինել, սառնություն ցույց տալ այդ կնոջ, որ այնպես արհամարհեց նրան:
Այսպես դատում էր Դիմաքսյանի խելքը: Այնինչ նա չէր զգում, թե ինչպես անցավ կես ժամ, մի ժամ, և դեռ խոսում էր նրա հետ:
Գայանեն էր խոսակցությունը երկարացնողը: Եվ խոսում էր նա այնպիսի նյութերի մասին, որ ակամա շարժում էին Դիմաքսյանի հետաքրքրությունը: Միայն մի բանից էր խույս տալիս Դիմաքսյանը — տիկնոջ ամուսնու հետ ունեցած ընդհարումներից: Անցյալի վերաբերյալ նա նույնն էր, ինչ որ առաջ — շուտ ոգևորվող, պարզ, անշեղ և երբեմն խստադատ:
Նա մազու չափ չի փոխվել, նրա հայացքները նույնն են, կյանքը նրան չէ աղավաղել, այդ պարզ է Գայանեի համար:
Նրանք կանգնած էին դահլիճի դռներից ոչ հեռու, պատի տակ: Գայանեն երբեմն նայում էր պարողների կողմը: Նրա աչքերը ակամա որոնում էին ամուսնուն և չէին գտնում: Նա մի քայլ առաջ գնաց և մոտեցավ պարողներին: Դիմաքսյանը հետևեց նրան: Վերջապես, ահա նա Տիկին Բախտամյանի հետ թև թևի տված՝ դուրս է գալիս դահլիճից: Երևի շատ պարելուց հոգնել են, և տիկինը կամենում է սեղանատանը մի սառը բանով զովացնել յուր ծարավը:
— Այստեղ սաստիկ տոթ է, անցնենք մյուս դահլիճը,-ասաց Գայտնեն, ներքին խռովությունից շրթունքները ատամների տակ սեղմելով:
Դիմաքսյանը հետևեց նրան ծանր քայլերով: Նա չտեսավ Բարաթյանին: Նա այլևս ոչինչ չէր տեսնում, չէր նկատում, չէր լսում, բացի Գայանեից և նրա մեղմ, հոգնած ձայնից: Ո՛րքան փոխվել էր երիտասարդ տիկինը նրա աչքում, որքան գունատ էր, նիհար, այ՜ո , մինչև անգամ տգեղացած: Միթե ընտանեկան հոգսե՞րն են այդպես ազդել նրա վրա... Կար ժամանակ, երբ Գայանեն այդ մարդուց քաշվում էր, մինչև անգամ վախենում էր դեմառդեմ խոսել, և ինքն էլ չգիտեր ինչու: Այժմ չքացել էր այդ երկյուղը: Այժմ նա խոսում էր ազատ, համարձակ: Հաճելի էր նրա համար մտածել, թե մի ժամանակ այդ մարդը սիրել էր նրան և գուցե տանջվել: Այդ միտքը նրան չէր շփոթեցնում: Չէ՞ որ ամեն ինչ անցել է, այլևս չկա այդ սերը, ուրեմն նրանք կարող են լինել բարեկամներ: Իրավ, Գայանեի համար ցանկալի է բարեկամ ունենալ Դիմաքսյանին, այդ խելացի, ազնիվ, զարգացած, գաղափարական մարդուն:
Նայում էր դեպի սենյակի հեռավոր անկյունը: Հանկարծ նա գունատվեց: Նա արագությամբ վեր թռավ տեղից, ասելով.
— Կարծեմ, ժամանակն է տուն գնալու:
Սրանք մտան պարերի դահլիճը: Դիմաքսյանի ոտները դողում էին ներքին հուզմունքից: Նա ուրախ էր, երջանիկ էր: Նա ամբողջ ժամ ու կես խոսել էր այն էակի հետ, որից նա իրան ատված և ծաղրված էր համարում:
Գայանեի հետևից նույն սենյակից դուրս եկավ նրա ամուսինը տիկին Բախտամյանի հետ: Նա տիկնոջ թևը բաց թողեց ճիշտ այն վայրկյանին միայն, երբ Գայանեն Դիմաքսյանին «ցտեսություն» ասաց:
Առանց միմյանց մի խոսք ասելու, մի ակնարկով մարդ ու կին հասկացան իրարու սրտինը: Նրանք դուրս եկան ժողովարանից թև թևի տված — այսպես կամեցավ Բարաթյանը:
Կառքը նրանց սլացնում էր Թիֆլիսի փողոցներով, երկուսն էլ լուռ էին: Գայանեն անընդհատ հառաչում էր, իսկ Իսակը անընդհատ շվացնում էր և ցածր երգում:
Երբ տուն հասան, Գայանեն խելագարի պես վազեց երեխայի սենյակը, հարձակվեց նրա վրա և սկսեց արագ-արագ ամուր համբուրել: Երեխան զարթնեց և լաց եղավ: Դայակը առավ նրան յուր գիրկը:
Սեղանատան ընթրիքը պատրաստ էր: Գայանեն հրաժարվեց ուտելուց, մնաց երեխայի սենյակում և այնտեղ էլ գիշերեց: Իսկ ամուսինը ընթրեց հանգիստ ու զվարթ, ինչպես միշտ, ծառայի հետ կատակներ անելով:
Մյուս առավոտ թեյ խմելիս նա ժպտալով դարձավ Գայանեին.
— Հըմ, ինչպե՞ս ես երեկվանից դես:
— Շատ լավ:
— Սրտիդ փափագը առի՞ր «նրանից»:
— Իսկ դուք նույնպես ձեր սրտի փափագը առի՞ք «նրանից»:
— «Մենք» «ձեր» ազգականուհու հետ էինք:
— Ես էլ ձեր ընկերոջ հետ էի:
— Նախկին ընկերոջ, այս մեկը երբեք մի մոռանար:
— Բավական է, — գոչեց Գայանեն վրդովված, — երեկ, վերջապես, պարզվեց ձեր բարոյական պատկերը:
— Ի՞ նչ ես ուզում ասել:
— Այն, որ,., այն որ... ես դժբախտ եմ:
Եվ բուռն արցունքը, անզսպելի ուժով դուրս բխելով, ողողեց նրա այտերը:
— Ինչո՞ւ ես լալիս, — ասաց մարդը սառն կերպով, — դու ինձ էիր փորձում, ես էլ քեզ փորձեցի:
— ե՞ս, փորձում էի ձեզ, — արտասանեց Գայանեն խեղդված ձայնով, — ոչ, ես այդ տեսակ խաղեր չգիտեմ, դա ստորություն է:
Նա վեր կացավ տեղից և դուրս գնաց:
Մարդը հետևեց կնոջը և տեսավ, որ նա, երեսը բարձի մեջ թաղած, ուժգին հեկեկում է...
X
Սկզբում Գայանեի անսպասելի բարեկամական վարմունքը Դիմաքսյանին պատճառեց անսովոր բերկրություն: Տուն վերադառնալով, նա անընդհատ շվացնում էբ և քթի տակ երգում, մի բան, որ երբեք չէր արել և որ հետևյալ օրը կրկնելով, շատ ուրախացրեց և շատ զարմացրեց և իրականին: Գայանեն նրան չի ատում, չի արհամարհում: Նա մինչև անգամ հանդիմանում է նրան, թե ինչու այնպես երես է դարձրել նրանից:
Բայց անցավ առաջին տպավորությունը, և Դիմաքսյանի լուրջ միտքը շուտով մոռացավ տարօրինակ բերկրությունը: Դարձյալ մտատանջությունը տիրեց նրան, և այս անգամ ավելի ծանր մտատանջություն:
«Ի՞նչ օգուտ, ի՞նչ օգուտ, գոչեց նա հանկարծ, բևեռվածի պես կանգ առնելով սենյակի մեջտեղում, չէ՞ որ այսուհետև ուշ է և շատ ուշ»:
Մի՞թե բախտը կարող է այլևս ժպտալ նրան, և ինչպե՞ս: Ոչ, նա չպիտի մոտենար Գայանեին, չպիտի խոսեր նրա հետ: Ինչ ապացույց կա, որ այդ սիրուն տիկինը չի ուզում նրան ծաղրել յուր մտքում:
Նա մի բարկացկոտ շարժում գործեց, շտապով հագնվեց և գնաց դպրոց: Այստեղ երկպառակությունները օրեցօր սաստկանում էին: Արդեն բացարձակ խոսվում էր, թե առաջիկա տարի Ինյաթյանը տեսուչ պետք է նշանակվի:
Դիմաքսյանի դրությունը քանի գնում վատանում էր: Այժմ ամենքն էին նրա դեմ: Ամբողջ մեծ պասի ընթացքում Ինյաթյանը աշակերտներին, առանց տեսչի հրամանի, տանում էր եկեղեցի: Չարչարման շաբաթը նա ինքն էլ նրանց հետ հաղորդվեց, յուր դեմքի վրա պահելով խորին ջերմեռանդության արտահայտություն:
Նկատելի էր, որ հետզհետե աշխատում էին դպրոցից վանել այն բոլոր վերանորոգությունները, որ Դիմաքսյանը մտցրել էր այնտեղ: Եվ այդ բոլորը կատարվում էր հոգաբարձուների գիտությամբ: Դիմաքսյանը բարկանում էր, կատաղում, բողոքում: Նրա առջև գնում էին դպրոցի կանոնադրությունը և հոգաբարձության իրավունքները:
Ցավալի և վշտալի էր նրա համար տեսնել, թե ինչպես նորից աշակերտները սկսվում են թառամել, նորից անհետանում է նրանց դեմքերից զվարթությունը և տեղի տալիս ճնշող մելամաղձության: Եվ նա գիտեր, որ այդ բոլորի իսկական հեղինակները երկու մարդ են — Բարաթյանը և Վեֆիլյանը:
Չէր կարելի ասել, թե այդ մարդիկ բոլորը բացառապես Դիմաքսյանի ջգրու էին անում: Ոչ, մեծ մասամբ այդ բխում էր նրանց համոզմունքից: Աշակերտների մեջ հղացած հլությունը նրանք համարում էին համեստություն, երկյուղը — հեզություն: Դա էր նրանց աչքում բարոյական դիսցիպլինան:
— Այժմ դպրոցը դպրոցի է նման և ոչ թե նիհիլիստների ժտղովարանի, — կրկնում էր Վեքիլյանը, ձեռները հաճույքով շփելով միմյանց:
— Այո, իհարկե, — պատասխանում էր Բարաթյանը, — եթե ոչ, առաջ ամեն մի գլուխ առանձին գաղափար ուներ: Ամեն մի աշակերտ արդեն խոսքը այսպես էր սկսում, «իմ կարծիքով»... Աշակերտ և կարծիք...
Հոգաբարձության ծայրահեղ կամայականության դեմ Դիմաքսյանը գրավոր բողոք ուղարկեց Սինոդին: Բայց անցել էր հինգ շաբաթ և դեռ պատասխան չէր ստանում:
— Եվ երբեք չես ստանա, — ասաց մի օր բժիշկ Սալամբեկյանը:
Բժիշկը ասաց, թե բողոքը այժմ առաջնորդի գրասեղանի մեջ է: Դիմաքսյանը սխալվել էր, անմիջապես դիմելով Սինոդին. նա պետք է առաջնորդի միջոցով բողոքեր: Այժմ թող նա սպասի սրբազանի «վերաքննության»:
— Քեզ ո՞վ ասաց այդ, — հարցրեց Դիմաքսյանը:
— Վեքիլյանը:
Բժիշկը պատմեց, թե նախընթաց օրը սաստիկ ընդհարում է ունեցել իրավաբանի հետ Դիմաքսյանի պատճառով: Վեքիլյանը աշխատելիս է եղել ապացուցել, որ տեսուչը յուր գաղափարներով դպրոցը տակնուվրա է արել: Սալամբեկյանը հաստատել է, թե Վեքիլյանը և Բարաթյանը իրանց գաղափարներով դպրոցը ուզում են բարոյական անկելանոց դարձնել: Վեճը հասել է ծայրահեղության, երկու ընկերներ միմյանց վիրավորական խոսքեր են ասել:
— Ես սառնարյուն մարդ եմ, բայց այդ անխիղճը մի այնպիսի սատանայական ակնարկություն արեց, մի այնպիսի ածական տվեց քեզ, որ արյունս գլխիս խփեց, ես ուզում էի մինչև անգամ ապտակել նրան:
Խոսակցությունը տեղի ուներ Մսերյանի սենյակում: Իդեալիստը վրդովված ականջ էր դնում, սակայն խոսակցությանը չէր մասնակցում:
— Այժմ ի՞նչ կհրամայես անել, — դարձավ Դիմաքսյանը նրան:
— Կհրամայեմ, որ մրցումդ շարունակես:
— Առանց զենքի՞, միայնա՞կ :
— Քո զենքը թող լինի ճշմարտությունը, եթե համոզված ես, որ քո կողմն է:
— Այդ կնշանակե երկաթե պատը եղունգներով փորել:
— Փորի՜ր, բայց մի հրաժարվիլ գործից:
— Ես չեմ հրաժարվիլ, բայց իրանք կհրաժարեցնեն:
— Խելոք մարդիկ նրանց վարմունքը կհամարեն բռնություն:
— Իսկ ես կասեմ, — մեջ մտավ բժիշկ Սալամբեկյանը — որ խելոք մարդիկ կծիծաղեն Արսենի վրա: Ասա խնդրեմ, քո կարծիքով, ովքե՞ր են այդ խելոք ասածներդ: Չլինի՞ թե քեզ և ինձ ես համարում, երեսիդ խաչակնքիր ու մեղա եկ: Այո՜, մեծապատիվ պարոն օպտիմիստ-իդեալիստ, խելոքը նա է, ով որ յուր բարեկամի ոտների տակ ձմերուկի կճեպ է դնում, որ նա մի լավ սարտոմորտալ անի: Այսպես է անում ընկերը ընկերոջը, իսկ թշնամիները, Ինյաթյանները և նրանց նմաններր, գիտե՞ս ինչ են անում: Նրանք հասարակության մեջ տարածում են, թե Դիմաքսյանը կաշառված դավաճան է, հասկանո՞ ւմ ես ինչի մասին է խոսքս…
— Ինյաթյա՞նը, իմ մասի՞ն, — գոչեց Դիմաքսյանը խեղդված ձայնով:
Բուռն կատաղությունը դուրս խլեց նրա կրծքից մի երկարատև դառն ծիծաղ: Ձեռը խփելով ճակատին, նա ուժասպառ նստեց աթոռի վրա, կրկնելով.
— Ես դավաճան, ազգավաճա՞ռ...
Անցել էին մի քանի օրեր այդ խոսակցությունից: Դիմաքսյանը տանը նստած խորհում էր յուր անելիքի մասին: Տոն օր էր: Հանկարծ նա լուսամուտի առջև, պատշգամբի վրա, տեսավ մի խումբ աշակերտներ, որ, միմյանց ուսերի վրայով գլուխները բարձրացրած, նայում էին դեպի ներս:
Նա դուրս եկավ և հարցրեց, ինչ են կամենում:
— Բողոք ունենք, պարոն տեսուչ:
— Մտե՜ք:
Միմյանց հետևից, ամաչելով ու քաշվելով, ներս մտան վեց պատանիներ տասնույոթից մինչև քսանուերկու տարեկան: Բոլորին էլ Դիմաքսյանը առանձին-առանձին ճանաչում էր, բոլորն էլ գյուղացիներ էին՝ հինգերորդ ու վեցերորդ դասատան աշակերտներ:
Գդակները փորների վրա պահած, նրանք շարվեցին պատի տակ, «Ավետիս» ասող տիրացուների պես:
— Ի՞նչ եք կամենում:
Աշակերտները իրանց միջից մեկին բոթելով առաջ գցվեցին: Դա ամուր կազմվածքով, դեմքի խոշոր գծերով լոռեցի Մարաքյանն էր, թվաբանության մեջ ամենից ընդունակ աշակերտը:
— Պարոն տեսուչ, — խոսեց նա, առաջ նայելով յուր գդակին, հետո առաստաղին, հետո տեսչին, — մենք բողոքում ենք:
Նա շփոթված էր, հազիվ կարողանում էր բառերը արտասանել: Դիմաքսյանը խրախուսեց նրան և բարեկամաբար հրավիրեց ամենքին նստել: Բայց աշակերտները գդակները շուռ տվեցին ձեռներում, հազացին, այս ու այն ոտի վրա տատանվեցին և չնստեցին:
Մարաքյանը շարունակեց:
— Մեզ հետ շատ վատ են վարվում, պարոն տեսուչ, կարծես, մենք վայրենիներ ենք:
— Առանց ավելորդ խոսքերի, պատմի՜ր, ինչ որ պատահել է: Ո՞վ է ձեզ հետ վատ վարվում:
— Վերակացուներր: Երեկ երեկոյան միասին հավաքված «Արկածներ» էինք կարդում: Հանկարծ հերթակալ վերակացու պարոն Թունիբեկյանը եկավ գիրքը ձեռքիցս խլեց, գլխիս խփելով ասաց. «Բռի լոռեցի, քեզ չե՞մ ասել ընկերներիդ մի անբարոյականացնիլ»:
Следующая страница |